Դեկտեմբերի 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ Տերտերյան ֆեստը, որը նվիրված էր հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85-ամյա հոբելյանին։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնն ավանդաբար անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը տարբերվում է մյուս փառատոներից, քանի որ ունի նեղ մասնագիտական ուղղվածություն և բարդ դասական արվեստ է քարոզում. «Մենք փորձում ենք ավելի շատ կատարել ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները և ակտիվություն ստեղծել այդ մարդկանց շուրջ։ Տերտերյանն ընդունված ու սիրված կոմպոզիտոր է աշխարհում։ Գերմանիայում նրա գործերը հաճախ են կատարվում, իսկ Գերմանիան այն երկրներից է, որտեղ ամենաշատն է գնահատվում դասական երաժշտությունը»։
Սերգեյ Սմբատյանն ընդգծեց նաև այն փաստը, որ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է երկրի նախագահի հովանու ներքո. «Դա նշանակում է, որ Հայաստան պետությունը կարևորում է ժամանակակից ստեղծագործողների աշխատանքը»։ Դիրիժորը տեղեկացրեց, որ 2015թ. Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կրելու է Էդգար Հովհաննիսյանի անունը։
Փառատոնի փակման արարողությանը տեղի ունեցան Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ և երգչախմբային անտիպ ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ։ Ծրագրում հնչեցին՝ «Ութ շեփորների կոչնակ», «Փառատոն է» (խմբերգ ակապելլա երգչախմբի համար), Սիմֆոնիկ 4 պատկեր, Ավետ Տերտերյան՝ Սիմֆոնիա թիվ 5։ Ելույթ ունեցան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, մենակատար Հակոբ Խալաթյանը (քամանչա), «Հովեր» պետական կամերային երգչախումբը։
Դիրիժորներ՝ Սոնա Հովհաննիսյան, Սերգեյ Սմբատյան։
Նշենք, որ փառատոնի փակման համերգը նվիրված էր հայ անվանի նկարիչ, Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյա հոբելյանին։